Հովհաննես Ա Մանդակունի

Հովհաննես Ա Մանդակունի (հավանաբար 400-483/84 կամ 498/499), հայոց կաթողիկոս (ըստ որոշ աղբյուրների՝ 471/472-483/84, ըստ ուրիշների՝ 485-498/499), վարդապետ և հայրապետ։

Ծնվել է Արշամունյաց գավառի Ծախնոտ գյուղում՝ Մանդակունիների նախարարական ընտանիքում։ Աշակերտել է Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին։ Աջակցել է պարսկական տիրապետության դեմ Վահան Մամիկոնյանի ապստամբությանը՝ իր ներկայությամբ և աղոթքներով մեծապես ոգեշնչելով զինվորներին։

Այնուհետև, լծվելով Հայոց եկեղեցու բարեկարգման գործին, Մանդակունին վերակառուցել է Վաղարշապատի և Դվինի տաճարները, հաստատել պատարագի և ժամերգության կարգերը, ինչպես նաև գրել բազմաթիվ ճառեր, շարականներ, աղոթքներ։ Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Բաբկեն Ա Ոթմսեցին։

Հովհաննես Մանդակունին Մաշտոցի սաներից է և իր հայրապետական գործունեության տարիներին եկեղեցական ժամերգության հարցերով զբաղվելիս, գրել է նաև հոգևոր երգեր։

Ոսկեդարում ստեղծված նրա գրական ժառանգությունը ավելի մեծ տարածում գտավ։

Շարականներ

Մանդակունին գրել է նաև շարականներ (թվով՝ 17) Վարդավառի, Թարգմանչաց և Հռիփսիմեաց տոնի առթիվ («Որ ի լերինն այլակերպեալ», «Զանճառելի խորհուրդ»,«Զանճառելի լոյս», «Ի թաբօր լերինն», «Քրիտոս Աստուած մեր», «Ցնծացէք այսօր»,«Սքանչելագործ Աստուած» և այլն)։ Հայ շարականագիր Հովհաննես Մանդակունու համար աղբյուր են հանդիսացել Կորյունի, Եղիշեի և Ղևոնդի գրքերը:

Թարգմանիչներին նվիրված շարականներ

Թարգմանիչներին նվիրված հինգ շարականներում Մանդակունին գովում է նրանց նվիրվածությունն ու գաղափարականությունը, որոնք արհամարհելով երկրային կյանքը՝ ապավինեցին հոգևոր փառքին և ժողովրդի հոգեկան պետքերի համար թարգմանեցին հսկայական գրականույթուն, Աստվածաշունչը և անմահացրին իրենց անունները։ Մանդակունու գրվածքների մեջ հատուկ տեղ են գրավում Մաշտոցին նվիրված շարականները («Անճառելի շնորհօք լցեալ», «Նմանեալ Մովսէսի»), որտեղ նրա կյանքը մարտիրոսություն է դիտվում հայ մշակույթի համար։ Գրիգոր Լուսավորչից հետո Մանդակունին թարգմանչաց սերունդն է համարում ամենակարևոր երևույթը ազգային կյանքում, որոնք լուսավորեցին հայությունը:

Թուղթ պահքի պնդության մասին

- Եվ ինչպես որ աղբոտ հողն է խառնիխուռն բույսեր բուսցնում և աճեցնում, այդպես էլ կերակուրի աղբով փափկացած որովայններն են մշտապես աղտեղի խորհուրդներ վեր հանում։ Քանզի որդերին գեջ հողն է սնում, իսկ պիղծ ախտերը՝ գիջացած որովայնը։Եվ որովհետև մեր բնության համար խիստ կարևոր է պահքի առաքինությունը, և բազում թերություններ շտկվում են պահքի խոնարհությունից, այն ժամանակվանից իսկ, երբ մարդուն ստեղծեց, Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը և առաջին մարդու համար իբրև առաջին պատվիրան դրեց ամուր պահքը՝ չճաշակել ծառից։ Քանզի եթէ [առաջին մարդը] պահեր պահքի պատվիրանը, կժառանգեր անախտ, անմահ ու անմեղ կյանքը և երկնքում՝ երկնային բարիքները։ Քանզի շատերը, ովքեր պահեցին պահքի պնդությունը, բազում նեղություններից փրկվեցին։

[2]

Աշխատություններ եւ թարգմանություններ

  • Յովհան Մանդակունի, Ճառք («Մատենագիրք Հայոց»-ից)։
  • Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք, Վենետիկ-Ս. Ղազար, 1832, Բ հրատ., 1860
  • Ն. Ծովական (Պողարեան Նորայր), Ճառք ի սուրբ վկայսն Քրիստոսի,- «Սիօն», 1963, էջ 48-49
  • Տէր-Մկրտչեան Գալուստ, Մատեան Յովհաննու Մանդակունեցւոյ,- «Արարատ», 1903, էջ 562-572, 662-672, 774-784։
  • Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 239-240։
  • Յովհան Մանդակունի Հայրապետ, Ճառեր, աշխարհաբարի վերածեց Եփրեմ արքեպս. Թապագեան, Անթիլիաս, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2001 (գրաբար բնագիր եւ աշխարհաբար զուգադիր թարգմանութիւն)
255 views·2 shares