Մովսես Խորենացի. կյանքը
Մովսես Խորենացի
Ժամանակաշրջան 5-րդ դար
Ծնունդ -մոտ 410
ԾննդավայրՏուրուբերան նահանգ, Տարոն գավառ, Խորնի գյուղ
Վախճան-մոտ 490 Վախճանի վայր Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան
Եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի
Սրբացված կարգ սուրբ
Հիշատակության օր Սուրբ Թարգմանչաց տոն
Աշխատանք պատմաբան, թարգմանիչ, բանասեր և գրող
Ազգություն հայ
ԵրկիրՄեծ Հայք
ՈւսուցիչՄեսրոպ Մաշտոց, Սահակ Պարթև
Ստեղծագործություն«Հայոց պատմություն»
եղբայրՄամբրե Վերծանող
Մովսես Խորենացի (410, Խորնի, Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք - 490, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։
Խորենացու մասին կենսագրական տեղեկությունները քիչ են։ Դրանց մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը, իր «Հայոց պատմության» մեջ պատահական կերպով։ Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն։ 431 թվականից հետո՝ հավանաբար 434-435 թվականների ընթացքում, ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»: Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։ Նրանք տեղ են հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից, այսինքն` 440 թվականի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենացին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Չնայած իր նկատմամբ եղած հալածանքին և անտարբերությանը՝ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ Զրույց է պահպանվել, թե ծերության տարիներին Պատմահայրը գնահատվել և արժանացել է մեծարանքի, ստացել է եպիսկոպոսական աստիճան։
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։
«Հայոց պատմություն»
Պատմություն Հայոց (Մովսես Խորենացի)
Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թղթեր, ներբողյաններ, հոգևոր երգեր՝ շարականներ, քերականական, փիլիսոփայական աշխատանքներ, թարգմանություններ։ Բայց նրա մատենագրական վաստակի թագ ու պսակը «Պատմություն Հայոց» երկն է, որը նա գրել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով: Ինչպես հաղորդում է ինքը՝ հեղինակը, «Հայոց պատմությունը» գրվել է իշխան Սահակ Բագրատունու խնդրանքով։ Աշխատության սկզբում օգտվելով առիթից՝ Խորենացին սուր քննադատության է ենթարկում հայոց հին թագավորներին և իշխանների «անիմաստասեր բարքը», քանի որ նրանք հոգ չեն տարել, որ իրենց ժամանակն ու գործերը գրի առնվեն։ Շարադրանքի ընթացքում պատմիչը հաճախ է խոսքն ուղղում պատվիրատուին, կարևորում նրանից ստացած առաջարկությունները կամ մերժում այս կամ այն ցանկությունը։ Մի տեղ Խորենացին նույնիսկ անթաքույց խստությամբ հանդիմանում է իշխանին պարսկական «անիմաստ ու անճաշակ» առասպելների նկատմամբ ունեցած հետաքրքրասիրության համար։
«Հայոց պատմությունը» ընդրգկում է հայ ժողովրդի ձևավորումից մինչև 5-րդ դար ընկած պատմությունը և իրենից ներկայացնում է հին հայկական առասպելների, հեթանոսական սովորույթների և այլ ժողովուրդների հետ հայերի կապերի մասին նյութերի ամենահարուստ աղբյուրը։
Խորենացու «Հայոց պատմությունը» բաղկացած է երեք մասից, որոնք հեղինակը կոչել է գրքեր։
- «Հայոց մեծերի ծննդաբանությունը»
- «Միջին պատմություն մեր նախնիների»
- «Մեր հայրենիքի պատմության ավարտը»
Առաջին գիրքը կազմված է 32 գլխից, կրում է «Հայոց մեծերի ծննդաբանությունը» վերնագիրը և հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին։ Սյս անձինք աչքի են ընկել իրենց քաջությամբ, ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ։
Երկրորդ գիրքը կոչվում է «Միջին պատմություն մեր նախնիների», կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն ճանաչվելը։
«Մեր հայրենիքի պատմության ավարտը» խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից և արտացոլում է Տրդատ արքայի մահից հետո Հայաստանի քաղաքական կյանքում աստիճանաբար տեղի ունեցած անկումը՝ մինչև ազգային պետականության կորուստը, ինչպես նաև հայ գրերի գյուտը, Սահակի (439 թ.) ու Մեսրոպի (440 թ.) վախճանը։
Այս գրքերից յուրաքանչյուրն իր հերթին բաժանվում է մանր գլուխների, որոնք ունեն իրենց վերնագրերը։ «Պատմությունն», այն տեսքով, ինչպես մեզ է հասել, ավարտվում է հայտնի «Ողբ»-ով։ Սակայն X դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ Խորենացին իր «Պատմության» շարադրանքը հասցրել է մինչև Հռոմեական (Բյուզանդական) Զենոն կայսեր ժամանակը (474-475 թթ., ապա՝ 475-491 թթ.), այսինքն երկն ունեցել է նաև չորրորդ մաս։ «Հայոց պատմության» չորրորդ գրքի գոյության հարցը հանդիսանում է հայագիտության վիճելի խնդիրներից մեկը։
Իր «Պատմություն Հայոց» երկի շարադրանքը Խորենացին սկսել է արարչագործությամբ և Հայկ Նահապետի կողմից մղված անկախության պատերազմով և Խոշապի ճակատամարտով (ըստ ավանդության՝ մ.թ.ա. 2492 թ. օգոստոսի 11)։
Բովանդակությունը
Գրքի բովանդակության էական գիծը հայրենասիրությունն է, որը դրսևորվում է որպես պետականության ձգման, «բնիկ տերերի» տիրակալության վերականգնման գաղափարը։ Պատմիչի նպատակն է իր ժամանակակիցների մեջ արթնացնել ազգային, հայրենասիրական ոգի, նրանց մղել ազատագրական սխրանքի։ Խորենացին հայ ժողովրդի ծագումը կապում է աստվածաշնչյան «արդար և կատարյալ» մարդու՝ Նոյ նահապետի սերնդի հետ՝ ապահովելով հայության պատվավոր տեղը աշխարհի հնագույն ժողովուրդների ընտանիքում։
Նույն նպատակով պատմիչը հայոց անցյալից ընտրում և ներկայացնում է հատկապես քաջ ու կորովի առաջնորդների։ «Ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել՝ Հայկ-Արամ-Տիգրան, -ասում է հեղինակը, -քանզի քաջերի սերունդները քաջերն են, իսկ նրանց միջև եղածներին և ինչպես կամենում է՝ թող կոչի։»
Խորենացու համար ազգի նախահայր Հայկը նախընտրելի հերոս է՝ իր ազատասիրական ոգով, բռնակալի նկատմամբ դրսևորած անհանդուրժողականությամբ, ըմբոստ խիզախությամբ։ Արամն ընդօրինակելի է հայրենիքի հանդեպ ունեցած նվիրումով, Տիգրանը՝ Հայաստանի կորցրած տարածքները հետ գրավելու, ազգային բանակը վերազինելու, երկիրն ամեն տեսակի բարիքներով հարստացնելու վճռականությամբ։ Բնութագրելով Տիգրանին՝ պատմիչը չի թաքցնում իր նպատակը. «Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիության բարքն ու խոհեմությունը, չի ուրախանա նրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»։
Խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ քրիստոնյա եպիսկոպոս Խորենացու իդեալականացրած հայ առաջնորդներից ու թագավորներից (Հայկ, Արամ, Տիգրան) ոչ մեկը քրիստոնյա չէ։ Ավելին, Պատմահայրը նշում է, որ այս երեքը արյունով հայ էին։ Այս ամենը խոսում է Խորենացու ազգային ուժեղ զգացումների, վերկրոնական և համազգային դիրքորոշման, ինչպես նաև հայ քաղաքական մտքի մեջ Խորենացու՝ որպես ազգայնականության հիմնադրի, բացառիկ դերի մասին։
Խորենացին բացառիկ նշանակություն է տալիս պատմագրական երկերի ստեղծմանը։ Այդպիսի գրվածքների ընթերցմամբ «աշխարհում կարգերի գիտություն ենք ձեռք բերում և քաղաքական կարգեր սովորում», ասում է Խորենացին։ Հայոց անցյալի մասին աշխատություններ ստեղծելու անհրաժեշտությունը Խորենացին հիմնավորում է նաև իր հայտնի բացատրությամբ. «Թեպետ մենք փոքր ածու ենք, թվով սահմանափակ և զորությամբ տկար. շատ անգամ օտար թագավորություններից նվաճված, սակայն մեր երկրում էլ քաջության շատ գործեր են կատարվել՝ գրի ու հիշատակության արժանի...»։
«Հայոց պատմության» գեղարվեստական արժեքը
Իր երկը Մովսեսը շարադրել է աշխույժ և համաչափ։ Նա կյանք է տվել իր պատմությանը նկարագրություններով, որոնցից է Երվանդակերտ քաղաքի նկարագրությունը։ Այդ քաղաքը նա համեմատել է չքնաղ կնոջ դեմքի հետ։ Խորենացին իր պատմության մեջ օգտագործել է մի շարք ասույթներ, որոնք հետագայում դարձել են թևավոր խոսքեր։ Ահա դրանցից մի քանիսը.
- Քաջերի սահմանը նրանց զենքն է, որքան կտրում է, այնքան էլ գրավում է։
- Քաջերի սերունդները քաջեր են։
- Չկա ստույգ պատմություն առանց ժամանակագրության։
- Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ։
Խորենացին այս պատմության մեջ արտահայտել է իր զգացումները՝ ուրախությունը, տխրությունը, հպարտությունը, վիշտն ու իղձը։ Խորենացու նպատակն է եղել տեսնել իր հայրենիքը միասնական, հզոր ու լուսավոր։
Աստվածաբանական աշխատություններ
Մովսես Խորենացու գրչին վերագրվում են մի շարք աստվածաբանական աշխատություններ։ Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։ Հեղինակը մանրամասն անդրադառնում է Մարիամ Աստվածածնի ազգաբանությանը, մեկնաբանում նրա կենսագրության առանձին դրվագներ, շարադրում նրա պատկերի պատմությունը, ներբողում Աստվածամորը։ Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։ Այս աշխատությունը սերտորեն աղերսվում է «Ներբող ի Սուրբն Հռիփսիմէ» քնարերգական ստեղծագործությանը, որը V դ հայ եկեղեցական գրականության ամենանշանակալի երկերից է։ Ճանաչողական մեծ արժեք ունի «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը (բանասիրության մեջ ավանդաբար անվանվել է «Ճառ»)։ Այստեղ հեղինակը փառաբանում է Հիսուս Քրիստոսի այլակերպությունը, ծնունդը և հրաշագործությունները։ Պատմագրի անունով մեզ են հասել փիլիսոփա-դավանաբանական մի քանի երկասիրություններ՝ «Հարցմունք Հոբնաղի և պատասխանիք Մովսէսի Հայոց Քերթողի և Դավիթ Անյաղթ փիլիսոփայի», «Վիճումնական հարցաբանութիւն Մելիտոսի յունաց փիլիսոփային ընդ Աթէնականն Մովսէս փիլիսոփային Հայոց տրամաբանական ոճիւ», «Սրբոյն Թէովդորոսի ծննդեանն և սննդեանն եւ վարուց նորա», «Թուղթք» և այլն, որոնց հեղինակային պատկանելությունը դեռևս պարզված չէ։
Թարգմանություններ
Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։ Այդ թարգմանությամբ է պայմանավորված հայ միջնադարյան քնարերգության յուրահատուկ տեսակներից մեկի՝ կաֆաների ժանրային ձևավորումը, ինչպես և մանրանկարչության մեջ աշխարհիկ թեմատիկայի սկզբնավորումը։ Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը։
Գիրք պիտոյից
«Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների («նախակրթությունների») ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից (ըստ ընդգրկված վարժությունների տեսակների)։ Գրքի ողջ բնագիրը հագեցած է աստվածաշնչային վկայությունների մեջբերումներով, հիշատակություններով և վերապատումներով։ Դրսևորել է Սուրբ Գրքի խոր իմացություն, ստեղծագործական մոտեցում, վարպետություն, երևակայություն։
«Ողբ»
Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը»,որը զետեղված է «Պատմություն Հայոց»երկի վերջում ՝ որպես եզրափակիչ գլուխ:Սա մեզ հասած գրական ողբի հնագույն նմուշն է,որով սկզբնավորվում է միջնադարում լայն կիրառություն գտած ողբերգությունը:Խորենացին այստեղ տալիս է Հայաստանի պետականության վերացման հետևանքով հայ իրականության մեջ ծայր առած քաղաքական անկման,ազգային և հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առաջ եկած բարոյալքության խտացված պատկերը:Առաջին իսկ պարբերությունը,որով շարադրանքն ստանում է պատկերավոր բնույթ և հուզումնալից ուղղվածություն,արդեն կանխորոշում է հորինվածքի մեջ հետագայում շոշափվող խնդիրների շրջանակը.«Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ,ողբում եմ քեզ,բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ,որովհետև վերացան թագավորդ ու քահանադ,խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը,արմատացավ անկարգությունը,խախտվեց ուղղափառությունը,տգիտությամբ հաստատվեց չարափառությունը»:Մովսես Խորենացին դառն կսկիծով է պատկերում իր երկրի թշվառ վիճակը:Հայրենի գահից անարգաբար վտարված է թագավորը:Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվամբ եկեղեցին զրկվել է իր «քաջ հովվից և հովվակցից»,մատնվել անտերության:Չկա ազգին առաջնորդելու ընդունակ գործիչ,երկիրն ընկած է չար ու դաժան թշնամիների ձեռքը.«…Մեզ տիրել են խստասիրտ ու չար թագավորներ,որոնք ծանր ու դժվարակիր բեռներ են բարձում,անտանելի հրամաններ տալիս:…Տները թալանվում են,ունեցվածքները՝հափշտակվում,առաջնորդները շղթայվում են,նշանավոր մարդիկ՝բանտարկվում,դեպի օտարություն են աքսորվում ազնվականները,անթիվ նեղություններ են կրում ռամիկները»:Հայրենիքին հասած աղետները հեղինակը շաղկապում է իր անձնական ճակատագրին,որ շարադրանքին հաղորդում է ընդգծված քնարականություն.«Այսպիսի վշտից շունչս դեմ է առնում կոկորդիս,մեր հոր կարոտից մաշվում եմ:Ու՞ր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս…»:Սրանք չարակամ որակումներ չեն,այլ երկրի հարազատ զավակի ցավատանջ հոգուց պոկված ծանր,բայց անկեղծ հառաչանքներ,որ երկար տարիներ կուտակվել են նրա կրծքի տակ՝ հայրենիքի կործանման տխուր գիտակցությունից:
